Նունե Եսայանի երկրպագուները հայտնվել են երգչուհու պատշգամբում
Մինչ երգչուհի Նունե Եսայանը կանանց ու աղջիկների շնորհավորում էր Մարտի 8-ի կապակցությամբ, նրա ֆան ակումբի մասնակիցներն անակնկալ էին պատրաստում երգչուհու համար հենց նրանց պատշգամբում: Այո, այո, ճիշտ եք կարդացել. պատշգամբում… :)

Ժամեր առաջ երգչուհու ամենաակտիվ երկրպագուները հավաքվել էին նրանց բակում` շնորհավորելու և գեղեցիկ անակնկալ մատուցելու Նունեին:
Անակնկալն իսկապես անսպասելի դարձնելու համար ֆան ակումբի մասնակիցները նախապես խոսել էին երգչուհու ամուսնու` Ավո Խալաթյանի հետ և տեղեկացրել, որ Նունեին տանը պահի:
Ինչպես նշեցինք, բուն անակնկալը պետք է մատուցվեր երգչուհու տան պատշգամբում: Վերամբարձ կռունկի միջոցով ֆան ակումբի նախագահ Անին` մեծ ծաղկեփնջով և փուչիկներով լուսանկարիչների հետ բարձրացավ երգչուհու պատշգամբ: Չնայած «երկնքում» հայտնվելուն և ադրենալինի բարձր տոկոսին՝ մեր լուսանկարիչն ընթերցողների համար անմահացրեց երգչուհուն` անակնկալի պահին: Նունեն իսկապես ապշել էր ու անհամբերությամբ սպասում էր, թե երբ է կռունկն իր երկպագուներին անփորձանք իջեցնելու ներքև:

Ֆան ակումբի նախագահ Անի Միքայելյանի խոսքերով` միշտ սիրում է Նունե Եսայանի համար խենթություններ անել, թեև Հայաստանում չի բնակվում: «Բելգիայում բնակվելն ինձ երբևէ չի խանգարել տոն օրերին ներկա գտնվել այստեղ և իմ երգչուհու համար անել ինչ-որ խենթ անակնկալ: Կարևորն այն է, որ ինձ միացել են նաև Նունեի մյուս երկրպագուները, և մենք միացյալ ուժերով կազմակերպել ենք այս ամենը: Շնորհավորում եմ բոլոր կանանց, իսկ Նունեիս ցանկանում եմ առողջություն և երջանկություն»,- esyes.am-ին ասաց Անին:

Նշենք, որ ակումբի մասնակիցները, այդ թվում՝ նաև հայտնի սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, ծաղիկներից և «Շնորհավո՛ր, Նունե Եսայան» գրությամբ փուչիկներից բացի, Նունեենց բակում միացրել էին նաև նրա ամենահայտնի երգերը, իսկ այդ հարցում նրանց օգնել էին երգչուհու բակի խանութ-սրահի աշխատակիցները:
0 comments:
Post a Comment