Պատմության թաքնված էջերը` կանացի մենամարտեր
Կանայք պատրաստ են պայքարել իրենց պատվի և սիրո համար մինչ ի մահ։ Կանայք հատկապես դաժան են, երբ մենամարտում են մրցակցուհու դեմ հանուն սիրած տղամարդու։ Մի քանի դար առաջ միայն մրցակցուհու մահը կարող էր հանգստացնել սիրող սիրտը, խոսքս կանացի մենամարտերի մասին է։ Բոլորս էլ գիտենք, որ մենամարտը տղամարդուն ավելի բնորոշ բառ է, բայց արի ու տես, որ պատմության մեջ եղել են բազմահազար կանացի մենամարտեր, որոնք իրենց դաժանությամբ շատ անգամ գերազանցել են տղամարդկանց մենամարտերին։
Հին հռոմեական պատմիչ Մարսելլին վկայում է, որ գալլերի կանայք կռվում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց դեմ բռունցքներով, իսկ հին հունական մեկ այլ պատմիչ գրում է, որ մրցակցուհիները հավաքվում էին ամբոխով և մենամարտում փայտերով։ Տղամարդուց վիրավորված կնոջ պատիվը ընդունված է, որ պետք է պաշտպանի նրա ամուսինը, եղբայրը, որդին կամ ընկերը, սակայն հանդիպել են նույնիսկ դեպքեր, երբ կինը մենամարտի է հրավիրել տղամարդուն։ Օրինակ` վիկինգները ունեին հետաքրքիր սովորույթ` «զբոսանք կղզով», երբ մենամարտի ժամանակ կնոջ հակառակորդը տղամարդ էր, նրան իջեցնում էին մինչև գոտկատեղը նեղ փոսի մեջ կամ կապում ձախ ձեռքը, որպեսզի ուժերը հավասարվեն։
Հին Ռուսիայում կանացի մենամարտերը օրինականացված էին մինչև Պետրոս Մեծը, չնայած որ նրանից հետո էլ, թեև գաղտնի, բայց մենամարտեր տեղի էին ունենում։ Կանացի մենամարտերի նորաձև լինելու գագաթնակետը կարելի է համարել XVII դարի կեսերից մինչև XVIII դարի կեսերը։ Այսպիսի մենամարտերից մեկի մասնակից է եղել նաև ապագա կայսրուհի 15–ամյա Եկատերինա II-ը, ով մենամարտել է իր բերեկամուհու հետ։ Եկատերինայի կառավարման ժամանակ տեղի է ունեցել 20 կանացի մենամարտ, որոնցից երեքը` մահացու վեջաբանով։ Ի տարբերություն տղամարդկանց՝ ռուս կանայք որպես մենամերտերի անցկացման վայր նախընտրում էին կանացի սրահները։
Ի դեպ, կանայք տղամարդկանցից առանձնանում էին դաժանությամբ, եթե տղամարդկանց 10 մենամարտից 3-ն էր մահացու հետևանքով, ապա կանանց մոտ` 8-ը։ Մենամարտերի վարպետ էին ֆրանսուհիները, որոնք զենքին տիրապետում էին հովհարի նման։ Ֆրանսուհիները հոտաքրքիր սովորույթ ունեին` նրանք մենամարտում էին մինչև գոտկատեղը մերկացած։
Պատմության ամենահայտնի մենամարտերից է մարկիզուհի Դե Նեսլի և կոմսուհի Դե Պոլինյակի մենամարտը։ Կոմսուհին Ֆրանսիայի կարդինալ Ռիշելյեի սիրուհին էր, ով հայտնի էր իր սիրաբանություններով գեղեցիկ կանանց հետ։ Կոմսուհին, տառապելով խանդից, Բուլոնյան անտառում մարտի է հրավիրում մարկիզուհուն, բարեբախտաբար մենամարտը ավարտվում է մարկիզուհու ականջի վնասվածքով։ Հավանաբար այս դեպքը չափազանց շոյել է կարդինալի ինքնասիրությունը, քանզի նա պատմել է սրա մասին իր օրագրում։
Պահպանվել են լեգենդներ օպերային երգչուհի մադմուազել Դե Մոպենի մասին, ով մի քանի անգամ տարբեր առիթներով մենամարտերի է հրավիրել տղամարդկանց։ Այս մասին գրել է նաև Տեոֆիլ Գոտիեն իր` «Մադմուազել դե Մոպեն» վեպում։
Մադմուազել դե Մոպեն
Ֆրանսուհիներից ետ չեն մնացել նաև իտալուհիները, որոնք մենամարտի տարածք են ընտրել եկեղեցին։ 1571թ. սուրբ Բենեդիկտի կուսանոց են մտնում երկու ազնվական կանայք և գնում աղոթքի սենյակ։ Մի քանի վայրկյան անց միանձնուհիները ձայներ են լսում և, մտնելով աղոթավայր, տեսնում են կանանցից մեկին սպանված, իսկ մյուսին` մահանալիս։ Ամենայն հավանականությամբ, նրանք մենամարտի զենք էին ընտրել դաշույնները։
Շատ նկարիչներ պատկերել են կանացի մենամարտերը, որոնցից են Խոսե դե Ռիվերան, Ժան Բերոն և այլք։
0 comments:
Post a Comment